02/12/2013 20:45
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ն` մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր Երևանում ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի համար մի շարք արտոնություններ Ռուսաստանը միակողմանի կսահմանի մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը:
Հայաստանը կարող է Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ՌԴ ներքին սակագներով, իսկ նավթի և նավթամթերքների համար Ռուսաստանը կհանի օրենքով նախատեսված արտահանման 30% մաքսատուրքը:
ՌԴ նախագահի խոսքով՝ սրա արդյունքում Ռուսաստանի բյուջեն բավականաչափ գումարից կզրկվի, սակայն իրենք պատրաստ են նման արտոնություններ սահմանել:
Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարարությունն ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնցով կարգավորվում են Հայաստանին ռուսական գազի մատակարարման ծավալների ու սակագնի խնդիրները: