02/12/2013 16:39
Նախագահ. «Ռոսնեֆտ» ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա
Գյումրիում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու մտադրությանն ասաց, որ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում:
«Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաև այսօրվա համաժողովը:
Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև նշեց, որ նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար:
«Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:
Վստահ եմ, որ առևտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաև մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»,- ասաց Նախագահը: