03/12/2013 13:25
Գ. Սահակյան. Մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ ՌԴ քաղաքացիները
Չի կարելի ասել, որ Հայաստանն ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին, քանի որ Հայաստանը գազ չունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու փաստին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Ես թեմայի մեջ չեմ խորացել, ավելի լավ է հարցը նախարարներին ուղղեք, բայց կարծում եմ, որ գազի գնի մեղմացման խնդիրը կլուծվի, մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»,- նշեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու որոշումը չի քննարկվել հասարակության հետ, Գ․Սահակյանը նշեց․
«Շատ է շահարկվում հանրության հետ քննարկումը, հանրությունը ստեղծում է քաղաքական թիմ, որն իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակներում պիտի կարողանա գործողություններ կատարել։ Այնպես չի, որ ամեն ինչը պիտի գանք Ազատության հրապարակում հարցնենք ու գնանք։ Հանրություն ասածը մեծ հասկացություն է, և եթե որևէ խնդրի լուծման ժամանակ բողոքներ չլինեն, դա վարկաբեկիչ կլինի մեր ազգի համար։ Այնպես չի, որ մեր ընտանիքներում մեծով փոքրով պիտի համաձայն լինենք»։
Հարցին, թե գազի սակագնի իջեցման դեպքում հնարիավո՞ր է այլևս ակտուալ չլինի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը, Գ. Սահակյանն ասաց, թե տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը միայն գազի գնով չի որոշվում, թանկացումը պայմանավորված է նաև սպասարկման այլ խնդիրներից՝ անվադող, ավտոպահեստամաս, վառելիք. «Ես հստակ չեմ կարող ասել, թե ինչ գին կսահմանվի ուղեվարձի համար, քանի որ փաստաթուղթը դեռ նոր է ստորագրվել: Բայց ըստ տրամաբանության՝ գազի սակագինը հասարակ ժողովրդի համար և ընդհանրապես տնտեսության մեջ կիջնի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսը Ռուսաստանի վաճառելու հետ կապված ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իշխանությանը նմանեցրեց գեշ հարսի, որը տան իրերն ավելացնելու փոխարեն, միայն տանից հանում է, ի պատասխան Գ. Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ իրենց հարս լինելու ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել»: