03/12/2013 18:01
ՀՀ դեղարտադրողները 25 տոկոսով ավելի դեղորայք են արտադրել և իրացրել
2013թ-ի հունվար-հոկտեմբեր 86 մլն դոլարի դեղորայք է ներմուծվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 80 մլն դոլարի դեղորայքի դիմաց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեղորայքի ներմուծման վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուրիխանյանը:
Նա նաև փոխանցեց, որ Հայաստանի արտադրողները այս տարի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրել և իրացրել են 10 մլն դոլարի դեղորայք, ՀՀ-ում իրացվել է 4.6 մլն դոլարի, ԱՊՀ երկրում 3.6 մլն դոլարի, այլ երկրներում 1.8 մլն դոլարի դեղորայք: Այս ցուցանիշը 2012թ-ի համեմատ աճել է 25 տոկոսով:
Հայաստանում գրանցված է 4500 անվանում դեղ, որից 387 անվանումը հիմնական ցանկում է, 624 անուն դեղը բաց է թողնվում առանց դեղատոմսի: Հայաստանում գրանցված է 17 դեղարտադրող ընկերություն, և մոտ 60 դեղներմուծող ընկերություն, գործում է 8 խոշոր դեղատնային ցանց: