03/12/2013 17:40
Վ. Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Նախօրեին ստորագրված փաստաթղթերով ՌԴ-ն կատարեց շատ կարևոր գործընկերային քայլ: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը, Վ. Սարգսյանի խոսքով, գնի կայունության ապահովումն էր, թեև սպառողների համար գազի սակագինը փոփոխությունների չի ենթարկվի:
Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքին` Վ. Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ «փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը», որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:
Արդյունքում` թեև Ռուսաստանը նախօրեի համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն՝ Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան, բայց Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:
«Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա, որովհետև գազի այն գինը, որ դրված էր պայմանագրում, ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որ օգտագործվել է սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկի մեջ օգտագործվել է 189, որն էլ եղավ այն թիվը, որի վրա փաստորեն մենք կարողացանք բանակցել և պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ»,- պարզաբանել է Վիգեն Սարգսյանը և վստահեցրել, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող ավարտ չունենային, Հայաստանը ստիպված կլիներ կրկին վերանայել ներքին սակագները:
«Եթե այդ բանակցությունները հաջողության չբերեին, և եթե մենք չունենայինք երեկվա ստորագրված պայմանագիրը, ապա սակագնի հերթական վերանայման կարիք կարող էր առաջանալ, որից մենք փաստորեն կարողացանք խուսափել ոչ միայն այսօրվա համար, այլ առաջիկա հինգ տարվա համար: Կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի գնի վերաբերյալ, քանի որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի ներքին սակագնի հետ, և դա շատ մեծ առավելություն է»,- ասել է նա: