04/12/2013 16:14
Քննչական կոմիտեի մասին օրինագծով՝ այն կձևավորվի հունվարին
«ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Քննչական դեպարտամենտի մասին» ՀՀ նոր օրենքների, ինչպես նաև գործող 15-ից ավելի օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի օրենսդրական փաթեթը պատրաստ է և մինչև դեկտեմբերի 15-ը կներկայացվի կառավարության քննարկմանը, ապա նաև՝ Ազգային ժողով: Օրինագծով նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 10-ին։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը:
Նշենք, որ ՀՀ Նախագահի կարգադրությամբ ավելի վաղ ստեղծվել էր հանձնաժողով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, Միասնական քննչական մարմնի գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ մշակելու նպատակով:
Ինչպես այսօրվա կլոր սեղանի ընթացքում նշեց Աղվան Հովսեփյանը, նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ և արդարադատության նախարարին՝ հետագայում դրանց ընթացք տալու համար: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն իր հերթին նշեց, որ, մասնավորապես, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջնական լրամշակման փուլում է: Նրա գնահատմամբ՝ «այս օրենքն իր որակով առանձնանալու է մեր շատ օրենքներից»:
Ըստ Աղվան Հովսեփյանի՝ օրենքի նախագծերը մշակելիս իրենք հանդիպումներ են ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի անդամների, Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակների աշխատակիցների, գիտնականների հետ: Արդեն իսկ կա ԵՄ խորհրդակցական խմբի փորձագետների միջանկյալ եզրակացությունը՝ օրենքների նախագծերի մասին, խորհրդատվական խմբի օգնությամբ արտասհմանյան փորձագետը ուսումնասիրում է օրենսդրական փաթեթը, ևս մեկ փորձագետ, ով մասնագիտացած է պրակտիկ հարցերով, Հայաստան կժամանի դեկտեմբերի երկրորդ կեսին: Ա.Հովսեփյանը կարևորեց օրենսդրական փաթեթի առաջին հանրային քննարկումը, որը նաև հանրային իրազեկմանն ուղղված առաջին պաշտոնական քննարկումն է՝ հաշվի առնելով Քննչական մարմնի ստեղծմանն առնչվող տեղեկությունները հանրության շրջանում որոշ դեպքերում կցկտուր և անգամ՝ աղավաղված:
Քննարկմանը ներկա միջազգային փորձագետները նշեցին, որքրեական դատավարությանն առնչվող կողմերից կարծիքներ ու մտահոգություններ են լսել քննիչների ցածր որակի ու ցածր աշխատավարձի մասին, որն ինքնին հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի: Ուստի առաջարկվող միասնական քննչական կոմիտեի ստեղծումը շատ կարևոր քայլ է շտկելու այդ խնդիրները:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: