06/12/2013 13:18
Իրանի դեսպան. Հայաստանը բարեկամ երկիր է, հնարավոր են գազի գնի զեղչեր
Իրանը Հայաստանի հետ ունի շատ լավ, բարեկամական հարաբերություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Խոսելով հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին, Ռեիսին նշեց` ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է «Գազ` Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը:
Դեսպանի խոսքով` Հայաստանին գումարով գազ մատակարարելու հարցը դեռևս չի քննարկվել, բայց Հայաստանը բարեկամ երկիր է և այդ դեպքում հնարավոր են զեղչեր:
«Ընդհանրապես գազ մատակարարելիս մենք առաջնորդվում ենք միջազգային գներով, բայց բարեկամ երկրների հետ այլ կերպ ենք վարվում»,- ասաց Մուհամմադ Ռեիսին:
Ռեիսին ընդգծեց` այնուամենայնիվ, եթե պետք լինի, որ Իրանը Հայաստանին ապահովվի գազով, ապա պետք կլինի նախևառաջ համապատասխան ենթակառուցվածքը ստեղծել:
«Պետք է նախ հստակեցնել` ռուսական գազի գինն ինչքա՞ն է, իրանականն՝ ինչքա՞ն: Պետք է բանակցել, քննարկել, բայց մի բան հստակ է՝ մի երկրին մենք կարող ենք գազը մի գնով մատակարարել, մյուսին` մի ուրիշ գնով»,- ասաց Մ. Ռեիսին:
Հիշեցնենք` օրերս պատասխանելով իրանական գազի մասին լրագրողների հարցերին, ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ իրանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին, քանի որ ունի բավականին բարձր գին: