09/12/2013 15:13
ՍԾՏՀ-ն ինտեգրացիոն կամուրջ է լինելու Եվրամիության և Մաքսային միության միջև
Այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը: Նիստը այս տարի նախագահում է Հայաստանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցւոմ անդրադառնալով մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին ՍԾՏՀ ֆոնին, նշեց, որ
Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրոպական միության, մի մասը մաքսային միության անդամ են, կամ Մաքսային միություն ու Եվրամիություն մտնելու գործընթացի մեջ են. «Այս կառույցը ինտեգրացիոն կամուրջ է լինելու երկու խոշոր միավորների` ԵՄ-ի և ՄՄ շուկան ինտեգրացնելու համար»:
Նրա խոսքով` Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ, այլ խրախուսելու է եվրոպական ներդրումներ Հայաստանում:
«Մենք լինելու ենք այն բուֆերային հարթակը, որ հեշտացնելու է այս երկու շուկաների ինտեգրացմանը»,- ընդգծեց Արսեն Ղազարյանը:
Նիստի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ստեղծել զբոսաշրջային ալյանս, նաև քննարկվել է բիզնես հանրության առավել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ նիստերի շրջանակներում:
ՍԾՏՀ կանոնանդրության փոփոխության խնդիրն է դրվել, քանի որ 21 տարի առաջ է ստեղծվել կառույցը և ներկայումս իրողություններ կան, որոնք, ըստ Արսեն Ղազարյանի, պետք է հաշվի առնվեն: Հատկապես ուշադրություն է դարձվելու սահմանափակումների վերաբերյալ կետերին, այս դեպքում դա վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային: Նոր կանոնանդրությամբ պետք է ամրագրվի, որ ՍԾՏՀ երկրները տնտեսական հարցերում սահմանափակումներ չպետք է լինեն: