09/12/2013 14:38
ՄԻՊ. Վճռաբեկ դատարանի կողմից որոշումները ընդունվում են երկակի ստանդարտներով
Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին որոշումները ընդունվում են երկակի ստանդարտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցը, ասաց ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Ըստ զեկույցի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները, երկակի ստանդարտները և իրավական կամայականությունները կատարվում են բողոքները վարույթ ընդունելու փուլում:
«ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է պալատի նախագահի և երեք կամ հինգ դատավորի կազմով (դատավորների թիվը ըստ պալատի): Ներկայացված վճռաբեկ բողոքների ճնշող մեծամասնությունը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չեն ընդունվում: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ 2012թ. ընթացքում ստացվել է 2928 վճռաբեկ բողոք:
Մակագրված 2733 բողոքներից 2474-ը (90.5 %) վերադարձվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից ներկայացված բողոքներից վերադարձվել է 1007-ը կամ 88.1%-ը, 58-ը կամ 5,07% -ը՝ թողնվել է առանց քննության, իսկ վարույթ է ընդունվել 76 բողոք կամ 6.6%-ը:
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2012-2013թթ. վարույթ ընդունված բոլոր բողոքների ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված 9 բողոքներ ընդհանրապես չեն պարունակել վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի վերաբերյալ որևէ հղում կամ հիմնավորում, այսինքն՝ դրանք Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ են ընդունվել ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերի պահանջների ակնհայտ խախտմամբ: Այս բողոքները Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու փաստն ապացուցում է ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից օրենքով սահմանված պահանջների ուղղակի խախտումը, այլև՝ Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների ակնհայտ կիրառումը՝ վարույթ չընդունված մի քանի հազար բողոքներ ներկայացրած անձանց նկատմամբ»,-ասված է զեկույցում:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ
ՄԻՊ. Եթե դատարանը լիներ վստահելի, ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր