11/12/2013 12:27
Գևորգ Կոստանյան. ՄԻՊ-ի զեկույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արձագանքել է «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:
Հարգանքով՝ Գ. Ս. Կոստանյան»,-ասված է հրապարակման մեջ:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ