11/12/2013 19:08
«Պետբյուջեն մարտահրավերների լուծումներն առաջարկող քաղաքական փաստաթուղթ է»
Պետական բյուջե փաստաթղթի հիմնական առանձնահատկությունը, թերևս, այն է, որ դա կոնկրետ ժամանակահատվածում պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առաջնահերթ լուծումներն առաջարկող քաղաքական փաստաթուղթ է: Հաջորդ տարվա բյուջեի մասին խոսելիս՝ նման կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Այս բյուջեն, ըստ նրա, բացառիկ է՝ բյուջեի եկամուտների ձևավորման տեսակետից, որովհետև. «Երևի թե, առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք հարկային եկամուտների բավական էական աճ ենք նախատեսում և դրան զուգահեռ՝ չենք նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում»:
«Առավել կարևոր եմ համարում անդրադառնալ ծախսերի գերակայություններին և նշել, որ բնականաբար այդ գերակայությունների մեջ առաջնահերթը Ղարաբաղն է և երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, հաջորդը՝ սոցիալական ոլորտը»,- ասել է Հ. Նաղդալյանը:
Շարունակելով խոսքը` Հ. Նաղդալյանը նշել է, որ իրենք ստանձնել են քաղաքական պատասխանատվություն և հետևողականորեն իրականցնելու են իրենց գործը, հետևաբար` Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկում 2014թ. բյուջեի նախագծին: