11/12/2013 16:51
«ՄԻՊ-ի զեկույցում փաստերը առկա են, եթե չեն տեսնում, թող հրաժարական տան»
Դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց 77 էջից բաղկացած «Արդար դատաքննության իրավունքի» վերաբերյալ արտահերթ զեկույց: Այն բավականին բուռն արձագանք ստացավ, քանի որ ներկայացնում էր Հայաստանում դատական համակարգի թերությունները` ընդհուպ մինչև դատարաններում ստացվող կաշառքի չափը:
Զեկույցի վերաբերյալ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զեկույցում նշեց, որ «եթե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը շոու, PR անելու նպատակով է արվել, ապա այն ստացված է, սակայն իրավական տեսանկյունից դիտարկելով` սիրողական մակարդակի է: Նրա խոսքով` ցեխ շպրտելով դատական իշխանության վրա, որևէ արդյունքի չես հասնի և հրապարակելով մասնավոր գործի մանրամասներ, ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ և նվազեցնում դատարանների նկատմամբ վստահություն ունեցող մարդկանց հավատը:
ՀՀ դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ առաջարկեց ՄԻՊ-ին` «իրենց զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար»:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե մեկ-երկու դեպքի, այլ համատարած հանցագործության մասին հաղորդում է տվել, ինչը բավարար է՝ քրեական գործ հարուցելու համար:
«ՄԻՊ-ի կողմից կատարվել է համակարգային ուսումնասիրություն, խոսքը համատարած կաշառակերության մասին է, ոչ թե մեկ-երկու դեպքի, ինչը շատ լոկալ հաղորդում կլիներ: ՄԻՊ-ի զեկույցում բարձրաձայնած հարցերի մասին դրանից առաջ բազմիցս բարձրաձայնել են փաստաբանները, և փաստաբանների գործադուլի ժամանակ էլ Վճռաբեկ դատարանի կամայականությունների մասին խոսվել է»,- ասաց նա:
Տ. Հայրապետյանի խոսքով՝ զեկույցում առկա են փաստեր, որոնք պահանջում են պատկան մարմինները, և հենց ՄԻՊ-ից փաստեր պահանջելն է «սիրողական մակարդակի» դրսևորում:
«Զեկույցում հրապարակված տվյալներից է, որ դատավորը մի քանի անգամ ընդհատել է նիստը՝ որոշումը համաձայնեցնելու համար: Շատ հեշտ է պարզել՝ ինչի մասին է խոսքը, ի վերջո, մենք 21-րդ դարում ենք ապրում և ես Ձեզ վստահեցնում եմ, որ իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը մեր երկրում: Թմրամիջոցների դեպքում, օրինակ, ինչպե՞ս է. ներմուծում են իրենց մարդուն և նրա միջոցով գտնում հանցագործներին. կաշառակերությունը բացահայտելը շատ հեշտ է: Մենք փոքր երկրում ենք ապրում և չպատճառաբանված վճիռների հետքով գնալով էլ կարելի է բացահայտել կաշառակերությունը: Իսկ ՄԻՊ-ը մեկ տարի չէ, որ գործում է, այնտեղ աշխատում են մի շարք իրավաբաններ, որոնք հաստատ այդ ամենը հաշվի էին առել նման նյութեր հրապարակելուց առաջ, բացի այդ, Պաշտպանը, հավանաբար, այդ մարդկանց գաղտնիության երաշիքներ է տվել` նման տվայլներ ստանալուց առաջ և չի կարող խախտել դա»,- ասաց նա:
Հայրապետյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն չի կարող, այլև պարտավոր չէ փաստեր ներկայացնել, սակայն եթե դատախազությունը և այլ պատկան մարմինները չեն կարողանում բացահայտել զեկույցում առկա տեղեկության հիմքերը, ապա պարտավոր են հրաժարական ներկայացնել, որ ուրիշները բացահայտեն դա:
«Ինչո՞ւ չեն հարցաքննում նույն ՎՃռաբեկի նախագահին կամ մյուս դատարանների նախագահներին, միգուցե նրանք ինքնախոսոտվանական ցուցմունքներ են տալիս: Իսկ զեկույցում առկա, դատախազության պահանջած փաստերից է այն, որ Վճռաբեկը պահանջում է իր հետ համաձայնեցնել որոշումները, հակառակ դեպքում՝ խնդիր կունենան: Ամեն ինչ սկսվեց նրանից հետո, երբ դատավորներից մեկին հեռացրեցին արդարացի որոշում կայացնելուց հետո, թեև այլ պատճառաբանությամբ, սակայն դա ազդակ էր մյուս դատավորներին, որ եթե չհամաձայնեցնեք ձեր որոշումները Վճռաբեկի հետ, խնդիր կունենաք: ՄԻՊ-ը, եթե տվյալներ էլ տրամադրի, ապա նախկինում կատարված կաշառակերության այդ դեպքերի բացահայտումը շատ դժվար կլինի: Բացի այդ, ինչո՞ւ են կենտրոնացել կաշառքի վրա, այնտեղ 77 էջ խախտումների մասին է խոսվում, եթե իրենք դա չեն նկատում, ուրեմն չեն կարողանում աշխատել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե որևէ մեկը սրա համար չդատապարտվի, ուրեմն կհաստատվի ՄԻՊ-ի զեկույցում առկա տեղեկությունները:
Անդրադառնալով Արսեն Բաբայանի արձագանքին, նա նշեց. «Մորգում էլ շատ մարդիկ են աշխատում, բայց նրանք բժիշկ չեն: Արսեն բաբայանների գործը մեռած մարդուն գրիմ անելու նման է, համակարգը գովաբանելը: Նա փորձում է գրիմ անել այս համակարգին, որը մեռած, նեխած վիճակում է գտնվում»,- ասաց նա՝ նշելով, որ նրա պատասխանում տրամաբանություն չի տեսնում:
Փաստաբաններ Հայկ Ալումյանի կարծիքով ևս Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունը փաստեր, ապացույցներ հավաքելը չէ, դա դատախազության խնդիրն է.
«ՄԻՊ-ի առաքելությունը իր կարծիքը արտահայտելն է՝ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Նրա պարտականությունը չէ փաստեր և ապացույցներ հավաքելը, դա դատախազության խնդիրն է, կոպիտ ասած, հիմա այդ ձևով իրենք իրենց գործը ուզում են ՄԻՊ-ի վրա գցեն: Կոռուպցիայի վերաբերյալ վերջերս ևս մեկ այլ կազմակերպություն էր տվալներ հրապարակել, և դատախազությունը ու մյուս պատկան մարմինները պետք է զբաղվեին այդ տվյալներով, որ բանը չհասներ սրան: ՄԻՊ-ը իր գործը կատարել է, հիմա էլ պահանջում են իրեն տվյալներ տալ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին նշանակել են այն պատճառով, որ համարում են, որ իր կարծիքը առավել օբյեկտիվ կլինի, այդ ինստիտուտի գաղափարը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, նրան ընտրել են` իր կարծիքը արժևորելով»,- ասաց Ալումյանը:
Հարցին` իսկ կարո՞ղ են Մարդու իրավունքների պաշտպանին ստիպել տվյալներ տրամադրել, Ալումյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանին, իհարկե, չեն կարող դատի տալ, ամեն կառույց իր պարտականությունն ունի, այդ կառույցի նպատակը հենց այն է, ինչը նա իրականացրեց: Միայն իր պարտականությունները կատարելու համար ներկայացված փաստերը բավարար էին, որ նա կարողացել է ստանալ, հիմա դատախազությունը դա բավարա՞ր կհամարի, թե ոչ, իր գործն է»,- ասաց նա:
Արսեն Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ զեկույցի վերաբերյալ բոլոր դատավորները բացասական են արտահայտվել, ինչը արտացոլվել է Դատավորների միության խորհրդի հայտարարության մեջ, սակայն հետագա քայլերը՝ արդյոք որևէ մեկը դատի կտա՞ ՄԻՊ-ին` իրեն զրպարտելու համար, հայտնի չէ:
Նշենք, որ Ըստ ՄԻՊ-ի` զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ. 1), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը սահմանում է.
Հոդված 5. Պաշտպանի անկախությունը
1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին:
Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։
2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը
1. Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում օժտված է անձեռնմխելիությամբ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, նա չի կարող կալանավորվել կամ ձերբակալվել: Պաշտպանը, նրա բնակարանը չեն կարող խուզարկվել առանց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության։ Պաշտպանի անձեռնմխելիությունը տարածվում է նաեւ նրա ուղեբեռների, նամակագրության, Պաշտպանի օգտագործած կապի միջոցների, ինչպես նաև նրան պատկանող փաստաթղթերի վրա։
Հոդված 23. Պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը
5. Այն անձինք, ովքեր որևէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար։ Եթե աշխատակազմում որևէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի է ենթարկվում կամ դատի է տրվում այլ հանգամանքի պատճառով, ապա մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնի Պաշտպանին։
Նախորդող հրապարակում` Գևորգ Կոստանյան. ՄԻՊ-ի զեկույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս
ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
ՄԻՊ. Եթե դատարանը լիներ վստահելի, ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր
Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ