13/12/2013 12:10
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին
Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով առաջին դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լ. Ստեփանյանը հայրը՝ Իշխան Ստեփանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է նիստի օրվա մասին, իսկ փաստաբան դեռևս չունի:
Հ. Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված Հրաչ Սարգսյանի հայրը որևէ ծանուցում չի ստացել գործի հետ կապված և ենթադրում է, որ դեռևս դատաքննության օր չի նշանակվել:
Նախորդող հրապարակում՝ Նոյեմբերյանում վիրավորված զինվորի հայր. Եթե քեզ հայհոյեին, ի՞նչ կանեիր