13/12/2013 18:19
ՀՀ Նախագահ. Եթե խնդիրը լուծվեր, ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու
Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված:
Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:
Նախորդող հրապարակում` Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում