16/12/2013 10:44
Այսօր տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումարը
Այսօր տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումարը: Ի տարբերություն ստեղծագործական մյուս միությունների աղմկալի համագումարների` նկարիչները համագումարից առաջ պասիվ են: Անգամ համագումարի օրակարգի մասին մանրամասներ չկան: Ըստ շրջանառվող տեղեկությունների` նախագահի տեղի համար կպայքարեն գործող նախագահ Կարեն Աղամյանը, Արմեն Աթանյանը , Հաղթանակ Շահումյանը, Ռուբեն Այվազյանը, Նիկոլ Աղաբաբյանը և Գագիկ Ավետիսյանը: Նշենք, որ միությունը մոտ 1100 անդամ ունի, որոնցից 300-ը ապրում և ստեղծագործում են արտերկրում:
Վերջին 15 տարին միությունը ղեկավարում է Կարեն Աղամյանը: Համագումարից առաջ Aysor.am -ի թղթակցի հետ զրույցում նկարիչ, քանդակագործ, Մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Աթանյանը տեղեկացրել էր, որ այսօր նկարիչները անգամ դահլիճ չունեն համագումար անցկացնելու համար:
Նա հայտնեց, որ նախորդ տարիներին համագումարները օրենսդրական և ներքին կանոնակարգի խախտումներով են անցել:
«Միության բոլոր անդամները դրա մասին տեղյակ են: Ու այսօր էլ այնպես է ստացվել, որ հայաստանյան իրականության մեջ մարդիկ հույսը կորցրել են, նույնն էլ այս համագումարների դեպքում է»,- ասաց Արմեն Աթանյանը::