16/12/2013 11:40
ԲՀԿ-ական պատգամավորը ծեծել է Սուրենյանցին. Հետո ամեն ինչ հարթվել է
Իմ և ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի միջև որևէ խնդիր չկա, ինչը ես ասել եմ նաև ոստիկանությանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Մենք ընկերներ ենք, մեր միջև եղել է խոսակցություն, որը հարթվել է: Ես այդ մասին ասել եմ նաև ոստիկանությանը: Եթե իսկապես որևէ բան լիներ, ես չէի թաքցնի դա: Ուղղակի երևի մարդիկ պարապ են մնացել»,-ասաց Ս. Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ ինքը մամուլի հրապարակումներից հետո «հաճելի զրույց» է ունեցել Վ. Կարապետյանի հետ և իրենց միջև որևէ խնդիր չկա:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ին հայտնեցին.
«Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ ռեստորանային համալիրում Վ. Կ.-ն ծեծի է ենթարկել Ս.Ս.-ին: Մեկնած օպերատիվ խմբին Ս.Ս.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում մի ռեստորանային համալիրում Վ.Կ-ն անտեսելով իր հորդորը` միտումնավոր բռնուցքով մեկ անգամ հարվածել է ձախ աչքին` պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»: