17/12/2013 15:27
Նախարար. Իրանական կողմը գազն առաջարկել էր 440 դոլարով
Հայկական կողմն իրանական կողմի հետ գազի հարցով վերջին անգամ բանակցել է 2012-ի մայիս-հունիս ամիսներին: Այդ ժամանակ 1000 խմ-ի համար առաջարկվել է 440 դոլար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Շարունակելով խոսքը` նախարարը նշեց, որ այսօր հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանին հետ, ով Ա. Մովսիսյանի խոսքով, համեմատաբար նոր մարդ է և շատ իրադարձությունների, ուղղակի, ծանոթ չէ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ պայմանագրին, ապա նախարարի գնահատմամբ, այն հավասարակշռված պայմանագիր է: «Մենք չպետք է մոռանանք մի հանգամանք, որ մենք սեփական էներգակիր չունեցող երկիր ենք և ամբողջովին կախված ենք ներկրումներից»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Խոսելով հասարակ քաղաքացու համար գազի սակագնի մասին` նախարարը, ինչպես նախկինում էր ասել, այս անգամ էլ կրկնեց, որ գազի գինը չի փոխվելու. «Ես չգիտեմ, թե ով է ասել, որ էժանանալու է, բայց նման բան չկա: Մենք այս համաձայնագրերով մեկ միլիարդի բեռ ենք հանել ժողովրդի վրայից, ես դա համարում եմ հաջողություն: Եթե կարողանանք խելոք լինել, ապա գոնե հետագա տարիների համար պետք է այս ձեռքբերումը չկորցնենք»:
Նախորդող հրապարակումներ` Հիմա կնոջն արագ են սիրում, պետք է դանդաղ սիրել. Նախարարը` պատգամավորին
Նախարարը՝ գազի գնի մասին. Մենք չէինք կարող այդ թվերը հրապարակել