18/12/2013 09:21
Վովա Գասպարյանն ուզում է ոստիկանությունը նախարարություն դարձնել
«Հրապարակում» կարդում ենք. «Պուտինի այցի օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր` «նախարար, հա նախարար»: Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտեն, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, և ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե` կառավարությանն առընթեր ծառայություն` մի շարք հայտնի պատճառներով: Սակայն, «Հրապարակի» հավաստի տեղեկություններով, Վովա Գասպարյանը, որ վերջին շրջանում տքնաջան զբաղված է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը և ըստ այդմ էլ իրեն, կրկին միացնել «նախարարաց» դասին` հասնելով այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ` նախարար: Եվ այն էլ կարծես թե` սուպեր:
Բանն այն է, որ փորձ է արվելու կիրառել արևմտյան, մասնավորապես ֆրանսիական մոդելը, ասել է թե` տեղական, մունիցիպալ գործընթացները ևս կանցնեն սույն նախարարության իրավասության ներքո: «Հրապարակի» աղբյուրների հավաստմամբ` այս առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ կան «վերևներում», և չի բացառվում, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն լինի` «զորավարական նոու-հաուն» կյանքի կոչելուն միտված»: