19/12/2013 09:57
Ադրբեջանցիները հայ գերիներին ստիպել են չվերադառնալ Հայաստան
Շուրջ 4 ամիս է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջուղուլյանը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ գերադասելով կյանքի մյուս մասն ապրել երրորդ երկրում:
Հասկանալու համար, թե ինչպես են հայ գերիներին ստիպում ընտրել երրորդ երկրում ապրելու տարբերակը «Ժողովուրդը» զրուցել է 2003թ. Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվոր Եղիա Հունանյանի հետ: Նա իր 2 ընկերների հետ 2 ամիս 20 օր գտնվել է գերության մեջ:
Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի գեներալներն իրենցից փորձել են պարզել, թե մենք որքան զինվոր ունենք, քանի զենք ու տանկ. «Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ: Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»:
Ըստ Եղիայի՝ ադրբեջացնիներն իրենց ստիպել են չվերադառնալ Հայաստան: «Կամ մնացեք Ադրբեջանում, կամ ընտրեք երրորդ երկիր ու էնտեղ ապրեք: Բայց Ռուսաստան չընտրեք»,- ասել են ազերիները: