19/12/2013 16:50
ՍԴ. Գազային համաձայնագրերը Սահմանադրությանը չեն հակասում. Azatutyun.am
Սահմանադրական դատարանն այսօր գտավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը ստորագրված գազային երեք համաձայնագրերը համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց այսօր, սակայն կառավարությունը համաձայնագրերի վավերացման հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու ցանկությունը հայտնել էր օրեր առաջ:
Ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս չհրապարակված այս փաստաթղթերն արդեն տեղադրված են ՌԴ կառավարության կայքէջում: Դրանցից պարզ է դառնում, որ հայկական կողմը պարտավորվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասի առքուվաճառքի պայմանագիրը «Գազպրոմի» հետ կնքել մինչև հաջորդ տարվա հունվարի 17-ը: Դա է, թերևս, հայկական կողմի շտապողականության պատճառը:
Սահմանադրական դատարանն այսօր շատ արագ քննեց այդ համաձայնագրերի սահմանադրականության հարցը. դատարանի անդամները խորհրդակցական սենյակում ընդամենը րոպեներ անցկացրին` որոշումն արագ հրապարակելու համար: Միջպետական համաձայնագրերը խորհրդարանում քննարկման դնելու համար, հիշեցնենք, Սահմանադրական դատարանի եզրակացությունն անհրաժեշտ է:
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վտանգավոր են համարում այս համաձայնագրերը: Նրանց, մասնավորապես, մտահոգում են Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնց համաձայն` եթե Հայաստանը ռուսական գազ է գնում, ապա` միայն «Գազպրոմից», քանի որ Հայաստան գազի ներմուծման բացառիկ իրավունքը տրված է ռուսաստանյան այդ ընկերությանը:
Ոչ իշխանական քաղաքական ուժերը մտավախություն ունեն, որ այս պայմանագիրն անբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավունքները, հակասում է մեր Սահմանադրությանը` բազմաթիվ կետերով, և ամբողջությամբ սպասարկում է մյուս կողմի շահերը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով այս հարցով հայկական կողմի գլխավոր բանագնացն էր, այսօր դեմքի շատ գոհ արտահայտությամբ դուրս եկավ Սահմանադրական դատարանից:
Նյութի շարունակությունը` սկզբնազբյուր կայքում:
Նախորդող հրապարակում` «Գազպրոմից» բացի այլ կազմակերպություն իրավունք չունի գազ ներկրել. Aravot.am