20/12/2013 19:25
Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան:
Նրա խոսքով՝ օրերս նա միջնորդություն է ներկայացրել վաղաժամկետ ազատման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ համաներմամբ նրա պատժաչափը կրճատվել էր 1/4-ի չափով:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Ա. Փարսադանյանը նշել էր. «Հասարակությանն մեջ այն տպավորությունն է, որ նա դատապարտվել է կաշառք ստանալու համար, սակայն այդ մասով գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նա դատապարտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, և զավեշտն այն է, որ ավելի ծանր հանցագործությունների վրա համաներումը տարածվում է, իսկ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար 1/4-ով: Տեսնենք՝ ինչ կլինի, քանի որ մի շարք պատգամավորներ դրա փոփոխման վերաբերյալ միջնորդություն են արել, որից հետո կորոշենք մեր քայլերը»:
Հիշեցնենք, որ Հովհ. Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ունենալով ոստիկանության գեներալ-մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվծությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որով մի դեպքում էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, մյուս դեպքում` անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նույն գործով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Վահան Խանզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Հովհ. Թամամյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։
Հովհաննես Թամամյանի պատժի կրման սկիզբն համարվել է 2011թ. մարտի 24-ը։
Ա. Պողոսյանը և Վ. Խանդազյանը դատապարտվել են 2 տարի 6 ամսվա ազատազրկման, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Նախորդող հրապարակում՝ Հովհ. Թամամյանի պաշտպանը վաղաժամկետ ազատման միջնորդություն կներկայացնի
Հովհ. Թամամյանի վրա համաներումը տարածվում է պատժաչափի միայն 1/4-ի չափով