20/12/2013 12:59
«Ի՞նչ կանեք, եթե ՌԴ-ն բաժնետոմսերի մի մասը վաճառի Թուրքիային, Ադրբեջանին»
Այս պահին խորհրդարանում քննարկվում է դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Պայմանագիրը ներկայացնելիս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ համաձայնագրի համաձայն իրավահավասարության և փոխշահավետության հիմա վրա զարգանալու են երկու երկրների միջև երկարատև հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը:
Նախարարին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախարարին հարցրեց` համաձայնագրի գործելուց հետո ի՞նչ է մեզ սպասում. «Մենք բանակցելու հնարավորւթյուն կունենանք, ասենք Իրանի հետ, ավելի մատչելի գնով գազ գնելու»:
Ի պատասխան Արմեն Մովսիսյանը հավաստիացրեց, որ որևէ սահմանափակում չի դրում, եթե այլ երկրի հետ ավելի շահավետ համաձայնագիր կնքվի, ապա, նախարարի խոսքով, կգործի նոր` մեկ այլ երկրի հետ պայմանագիրը:
Նախարարին հարց ուղղեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Եթե Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային և Ադրբեջանին, ինչպե՞ս կգնահատեք»,- մասնավորապես հարցրեց Փոստանջյանը:
Արմեն Մովսիսյանն էլ պատասխանեց. «Նրանք առանց մեր համաձայնության բաժնետոմս վաճառելու իրավունք չունեն»:
Զ. Փոստանջյանն արձագանքեց. «Վստահ եք, որ Սերժ Սարգսյանը չի գնա չի ստորագրի, որ նման վաճառքի համար», ինչին ի պատասխան Ա. Մովսիսյանն ասսաց, որ վստահ է, որ նման բան երբևէ չի լինի: