20/12/2013 11:26
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի. Օրակարգում գազային պայմանագրերն են
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Այսպես արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և մի շարք այլ նախագծեր:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում են նաև մի շարք միջազգային պայմանագրերի վավերացումները:
Այսպես` օրակարգում են դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: