24/12/2013 09:30
«Նաիրիտի» աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են
«Նաիրիտի» աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամսվա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց մինչ օրս գումար չի փոխանցվել: Այսօր նաիրիտցիների մի խումբ պատրաստվում է գնալ նախարարություն ու Մովսիսյանին հիշեցնել իր խոստման մասին:
«168 Ժամi» տեղեկություններով՝ գործարանում լուրեր են տարածվել, թե աշխատավարձն առաջիկա հինգշաբթի օրը կլինի, բայց աշխատակիցները թերահավատ են: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, բացի աշխատավարձից, գործարանը հերթական լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ պարապուրդի հետևանքով սառել են ջրատար խողովակներն ու կոյուղագծերը: Դրանց պայթելու դեպքում, ինչն անխուսափելի է, «Նաիրիտում» լրացուցիչ մեծ ծախսեր կպահանջվեն՝ համակարգը կարգի բերելու համար: