26/12/2013 09:50
Բաղդասարովի պարտքերը մարվելո՞ւ են բյուջեից
Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների գրպանից:
«168 Ժամի» տեղեկություններով՝ «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն դոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում: Իսկ ինչու՞ պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարվի պետական բյուջեից: Խնդիրն այն է, որ «Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, և ՔԱԳՎ-ն կիսում է պատասխանատվությունը: Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին) իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «168 Ժամի» թղթակիցը նոյեմբերի 22-ին դիմել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, սակայն կառավարությունը գերադասել է լռել՝ մինչ օրս պատասխան չկա: