26/12/2013 14:15
ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին դրամական պարգևներ է հանձնել անձամբ վարչապետ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը (8-րդ հորիզոնական), համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է լավագույն մարզիկներին և մաղթել նորանոր հաջողություններ ու մարզական ձեռքբերումներ:
Դավիթ Սաֆարյանը 2002 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանի համար ազատ ոճի ըմբշամարտում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Միջոցառման ընթացքում մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ նախագահի ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից շնորհված պարգևներին: