26/12/2013 13:11
Նախարար. Ավիատոմսերի գները կնվազեն
Այսօր գործադիրը հավանություն տվեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Ծրագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նախարարը 2014 թ-ին ակնկալեց շուրջ 12.5 տոկոս զբոսաշրջության աճ` հիշեցնելով, որ այս տարի 750 հյուրանոցային համար է ավելացվել:
Երկու օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրել է ազատ երկնքի պայմանագիրը, որը և նպաստելու է զբոսաշրջիկային հոսքերի ավելացմանը. Նախատեսվում է, որ օդային տրանսպորտի գները կնվազեն, նաև Հայաստանը կունենա զբոսաշրջության համար բարենպաստ միջավայր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ արձանագրվո՞ւմ է, որ ավիափոխադրումների գները նվազում են, որին էկոնոմիկայի նախարարը դրական պատասխանեց. «Իրակաացվող ավիացիոն քաղաքականությունը նպաստելու է ավիատոմսերի գների զսպմանը և նվազմանը»:
Վարչապետը նշեց, որ հաջորդ տարի ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների թիվը կավելանա, իսկ տոմսերի գների նվազումը կբերի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: