27/12/2013 17:15
Վարչապետ. ԱՄՆ-ն ներդրումներ կիրականացնի Որոտանի ՀԷԿ-երի համալիրում
Մեր երկրում ընդունվող որոշումներն ու օրենքները չպետք է վտանգեն ներդրողների շահերը: Այս մասին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային պայմանագրերին և դրանցում առկա դրույթներին, որոնք ոչ իշխանական շրջանակների կողմից որակվեցին որպես հակապետական:
«Կառավարությունը պետք է ներդրողների կայուն երաշխիքներ տա, մանավանդ այնպիսի ոլորտներում, որոնց կարգավորումն իրականացվում է պետության կողմից: Ես ուզում եմ հստակ նշել, որ խոսքը միայն ռուսական ներդրումների մասին չէ, այլ ցանկացած արտասահմանյան ներդրման: Այս համատեքստում ես ուզում եմ առանձնացնել այն, որ մենք վերջերս պայմանագիր ենք կնքել մեր ամերիկացի գործընկերների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրեր իրականացնել Որոտան ՀԷԿ-երի համալիրում: Ես կարծում եմ, որ սա ևս չափազանց կարևոր ներդրումային ծրագիր է մեր երկրի համար: Պետք է հստակ հասկանալ՝ սրանք մեր երկրի համար կենսական նշանակության ոլորտներ են՝ հատկապես էներգետիկայի բնագավառը»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ քաղաքական սպեկուլյացիաների հետևանքով այս պայմանագրի բուն էությունը մնաց չքննարկված:
Վարչապետը բացատրեց, որ յուրաքանչյուր երկիր, որը հեռանկարային ներդրում է ցանկանում անել Հայաստանում, զուգահեռաբար ցանկանում է ստանալ նաև հստակ երաշխիքներ: Անդրադառնալով հայ-ռուսական գազային պայմանագրի այն դրույթին, ըստ որի Հայաստանը չի կարող ընդունել օրենքներ, որոնք կվնասեն կամ վտանգի տակ կդնեն գազային համաձայնագրերը, և այն մտայնությանը, թե դա կվնասի երկրի ինքնիշխանությանը, վարչապետը նշեց.
«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պետք է այնպիսի գործողություններ իրականացնի, այնպիսի որոշումներ ընդունի, որոնք կվտանգեն ներդրողների շահերը այն դաշտում, որն ամբողջությամբ կարգավորվում է, չկա շուկայական մրցակցություն: Պատասխանը միանշանակ է՝ այո, Հայաստանը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի միջավայր: Այստեղ որևէ վտանգ մեր ինքնիշխանությանը չկա, ինքնիշխանությանը վտանգ կլինի այն դեպքում, երբ իշխանությունները ներդրողների համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ կառավարությանը հաջողվել է ներդրումների եկամտաբերության ցուցանիշը 12 տոկոսից դարձնել 9 տոկոս՝ պարտավորվելով կայունություն ապահովել ներդրողների համար: