08/01/2014 12:39
Վայոց Ձորի մարզպետը հորդորում է Սելիմի լեռնանցքը կոչել «Վարդենյաց լեռնանցք»
Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում հորդորում է «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչել «Վարդենյաց լեռնանցք»: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ:
Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ:
Սիրելի քաղաքացիներ:
Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով:
Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»: