08/01/2014 13:02
Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ քննիչի ու դատավորի կապի մասին. Փաստինֆո
«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչպես նշել է «Փաստինֆոյի» զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս պատճառելու համար, ուրեմն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իրեն պետք է կալանավորել, նույն պատճառաբանությունը copy-paste է արել իր պատճառաբանական մասում»,- ասաց Ն.Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ քննիչն ու դատավորն իրենց ներկայացրած փաստաթղթերում գրել են նույն տեքստը, նույն տեղում թույլ տալով նույն տեխնիկական, կետադրական և նույնիսկ ուղղագրական սխալները: «Դա նշանակում է, որ դատավորը մինչև դատն սկսելն անձամբ կամ միջնորդավորված հանդիպել է քննիչի հետ և նրանից էլէկտրոնային տարբերակով ստացել միջնորդությունը, այնուհետև դա արտատպել է իր որոշման նկարագրական մասում և պատճառաբանական մասում»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ եզրակացնելով. «Այսինքն գործի ելքը լուծվել էր դեռ մինչև դատն սկսելը»:
«Ինչպես եք պատկերացնում, դատավորը մի կողմի հետ հանդիպի մինչև դատն սկսելը, ինչի համար է հանդիպում»,- այսօրինակ հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը, հավելելով, որ նման նախադեպերից ՀՀ ոչ մի քաղաքացի պաշտպանված չէ: Եթե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է նման գործելաոճ թույլ տրվել, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել: «Այս դատավորին պետք է անմիջապես ազատեն աշխատանքից»,- ասաց փաստաբանը, նշելով, որ դատավարական կողմերից որևէ մեկին հանդիպելն արգելված է դատավորների վարքագծի կանոններով: Այս փաստերը Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է ներկայացնել Արդարադատության նախարարին, Արդարադատության խորդրդի կարգապահական հանձնաժողովին, որպեսզի վարույթ հարուցվի դատավոր Յու.Բաղդասարյանի նկատմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: