09/01/2014 13:44
Գևորգ Կոստանյան. Ցանկացած երևույթ պետք է հիմնված լինի փաստերի վրա
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ մամուլում որևէ փաստի չի հանդիպել, որ կապացուցեր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում առկա տեղեկատվությունը:
«Ցանկացած երևույթ պետք է հիմնված լինի փաստերի վրա, ինչի առթիվ էլ հարուցվում է քրեական գործ, որն էլ գնահատական է տալիս փաստերին»,-ասաց նա:
Գլխավոր դատախազի խոսքով՝ մամուլում առկա տեղեկատվությունը իրենց կողմից ուսումնասիրվել և վերլուծվել է:
«Փաստաբանը ասում է, որ քանի որ դատավորի որոշումն ապօրինի է, ուրեմն նա կամ դատախազը կառաշք են վերցրել կամ էլ վերևից հանձնարարական է եղել: Դրանց բոլորի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՔԾ-ում, և այդ որոշումների մեծ մասը անգամ բողոքարկված չէ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքներով պարզվել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող
գումարի չափերը և տրման ձևերը.
1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի
համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը:
ՄԻՊ առաջին խորհրդական Գենյա Պետրոսյանի խոսքով՝ դատական կաշառքի սակագների չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:
«Հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում՝ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար»,-ասաց նա:
Ըստ զեկույցի՝ որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները:
«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքներով Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ հարցվածների 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 4-ից
գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված:
Գ. Պետրոսյանի խոսքով՝ զեկույցի մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել շուրջ 120 ոլորտի մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ և այլ փորձագետներ: Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:
Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ. 1), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր:
Նախորդող հրապարակում՝ «ՄԻՊ-ի զեկույցում փաստերը առկա են, եթե չեն տեսնում, թող հրաժարական տան»
ՄԻՊ. Եթե դատարանը լիներ վստահելի, ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր
Գևորգ Կոստանյան. ՄԻՊ-ի զեկույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս
ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է