09/01/2014 12:41
Փարաջանովն այսօր կդառնար 90 տարեկան
Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, սցենարիստ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 90 տարեկան: 1924 թվականի հենց այս օրն է ծնվել անվանի ռեժիսորը: Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։
Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեցՄիքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին Երևանում։ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
2013 թվականի ամռանը Կարլովի Վարիի 48 –րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ «Փարաջանով» ֆրանս-ուկրաինական-հայկական-վրացական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորներն են Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան: Ֆիլմը ոչ միայն Փարաջանովի ստեղծագործական կյանքին էր նվիրված, այլեւ անձնականին, նրա հարաբերություններին իշխանությունների ու մտերիմների հետ։ Այն շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Ֆիլմն ընդգրկվեց նաև Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի լոնգ լիսթում, սակայն դուրս մնաց շորթ լիստից: