09/01/2014 12:07
Հայ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան մտահոգված է Վարդան Պետրոսյանի գործով
Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցիացիան անդրադրաձել է դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելուն:
Ըստ afaja.com-ում հրապարակված տեղեկատվության՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը արդարացված չէ, քանի որ նրա ընտանիքից և փաստաբանից ստացված տեղեկատվության համաձայն՝ նա չի գտնվել ոգելից խմիչքի կամ թմրանյութերի ազդեցության տակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձաքննությամբ և քննչաան գործողություններով ապացուցվել է նաև, որ նա չի գերազանցել արագությունը, ինքն էլ ստացել է լուրջ վնասվածքներ և այժմ էլ նրա ամբողջովին չի առողջացել և մշտական խնամքի կարիք ունի, ինչը հնարավոր չէ բանտային պայմաններում:
Ասոցիացիայի հայտարարության համաձայն՝ իրենք հարցականի տակ են դնում Հայասանի դատական մարմինների գործողությունների դրդապատճառները, քանի որ չկա հասարակական կարգի խախտման վտանգ, ինչպես նաև նրա դեմ չկան բավական փաստարկներ, իսկ առողջական վիճակը մտահոգիչ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Վ. Պետրոսյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»
«Վարդան Պետրոսյանի վթարի 3D մոդելավորված տարբերակը լիովին պատրաստ չէ»