10/01/2014 16:45
Փաստաբանները չեն վճարի 60 հազար դրամ պետտուրքը
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:
Դրանով սահմանվում էր փաստաբանի համար տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա փաստաբանների միահամուռ պայքարի և Արդարադատության նախարարության կառուցողական մոտեցման արդյունքն է:
«Շատ ուրախ եմ մեր փաստաբանների միասնականության համար, որ բոլորը հավաքվեցին, ֆլեշմոբ կազմակերպեցին: Շնորհակալ եմ նրանց և Արդարադատության նախարարությանը՝ հանձին նախարար Հրայր Թովմասյանի, ինչպես նաև պատկան այլ մարմիններին փաստաբանների հետ կառուցողական քննարկման և աշխատանքի համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության կողմից փաստաբանության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն սահմանվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել էր գանձել պետտուրք` 60.000 դրամի չափով:
Փաստաբանները՝ ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին ֆլեշմոբ՝ Արդարադատության նախարարության այս օրենսդրական նախաձեռնության դեմ:
Փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի՝ նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն:
Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք:
«Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:
Ուստի ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբանները հայտարարում են. Չեն վճարելու 60 հազար դրամ պետտուրքը
Արամ Օրբելյան. Այլընտրանքային լուծումների դեպքում նախագիծը հնարավոր է հանվի
Արա Զոհրաբյանը ԱՆ նախաձեռնությունը համարում է «ապակառուցողական»
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ևս չի վճարելու 60.000 պետտուրքը