10/01/2014 09:33
Սահմանադրական դատարանում կադրային փոփոխություններ են սպասվում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով, ըստ հավաստի տեղեկությունների, շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:
Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին: Նա, սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու. թոշակի է գնալու ՍԴ անդամ, ՀՀ ՆԳՆ նախկին նախարար (1991-92թթ) Վալերի Պողոսյանը, ով այս տարվա մարտի 23-ին կդառնա 70 տարեկան և ՍԴ անդամ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը:
«Գյուլումյանը, ով ԵԴ էր գնացել ՍԴ-ից, փաստորեն որոշել է պատեհ առիթը բաց չթողնել և «զոհաբերել» Ստրասբուրգում անցկացնելիք մի քանի ամիսը՝ փոխարենը ցմահ աշխատանք ստանալով ՍԴ-ում: Թե ով Գյուլումյանին կփոխարինի եվրադատարանում, դեռ հստակ չէ: Մինչև Գևորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազ դառնալը, չէր բացառվում, որ նա կարող էր փոխարինել Գյուլումյանին, ինչն այժմ, ըստ էության, բացառվում է: Հավանական նոր թեկնածուներից մեկը Դավիթ Հարությունյանն է»,- գրել է «Հայկական Ժամանակը»: