10/01/2014 11:55
Փաստաբան. Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը այսօր այցելել է իր պաշտպանյալին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ի. Պետրոսյանը:
Նրա խոսքով` ինքը այսօր շուտ մեկ ժամից ավել սպասում էր Շ. Հարությունյանի հանդիպմանը, սակայն նա հացադուլից դուրս գալուց հետո ուշաթափություն էր ունեցել, քանի որ նրան դիետիկ սնունդի փոխարեն սովորական սնունդ էին տվել՝ հավկիթ, ինչպես նաև` «նրան անմարդկային պայմաններում էին պահել, լրիվ մեկուսացված, ջեռուցում չի եղել խցում»:
«Նա շնորհակալություն է հայտնել բոլոր լրատվամիջոցներին և ասում էր, որ հոգին անկոտրում է և նա շարունակելու է պայքարը»,- փոխանցեց փաստաբանը:
Անդրադառնալով փորձաքննության պատասխանին` նա նշեց, որ իր պաշտպանյալը հոգեբուժարանում գտնվելու ընթացքում բացմաթիվ սթրեսների է ենթարկվել, իսկ երեկ ինքը խոսել է քննչական խմբի ղեկավար Տոնոյանի հետ, ով բանավոր ասել է, որ ստացվել է փորձաքննության պատասխանը և Շ. Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել: «Նա կոպիտ տոնով ասաց, որ 10 օրում կծանոթացնեն փորձաքննության արդյունքներին»,- ասաց նա:
Նշենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր դադարեցրել է հացադուլը և սնունդ է ընդունել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի՝ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա առողջական վիճակը այժմ գնահատվում է նորմալ:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել էր դեկտեմբերի 24-ից: Երեկ՝ հունվարի 9-ին Շ. Հարությունյանը ժամը 14-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ավելի վաղ նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը հունվարի 9-ին հանդիպել է Շ. Հարությունյանին, հորդորել նրան դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս հիմա էլ շարունակում է այն:
Նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասով: