10/01/2014 17:31
Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործով դատավորը կոպիտ խախտում արեց
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ դատավորը հայտարարել է, որ իր բացարկի միջնորդության որոշման մասին կհայտարարի երկուշաբթի:
«Դատավորը պետք է մնար խորհրդակցական սենյակում, սակայն նա դուրս եկավ, հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կլինի երկուշաբթի և շենքից դուրս եկավ, ինչը կոպիտ խախտում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Վ. Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը:
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Վ. Պետրոսյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ «ՀՔԾ որոշմամբ ստացվում է, որ Վ. Պետրոսյանը կալանավորվել է թյուրիմացաբար»