13/01/2014 12:57
Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործը ուզում են դռնփակ քննել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանն այսօր մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկի վերաբերյալ:
Ն. Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատավորը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը՝ առանց հիմանվորելու որոշումը:
Փաստաբանի խոսքով՝ դատախազը միջնորդություն է ներկայացրել, որ գործը քննվի դռնփակ:
«Ես մի քանի անգամ խնդրեցի դատախազին հիմնավորել այդ որոշումը, թե ո՞ր օրենքի հիման վրա է նա նման միջնորդություն ներկայացնում: Դատախազը ասաց, որ «դա իմ կարծիքն է, բայց չեմ ասում, ո՞ր հոդվածի համաձայն»: Պատճառն այն է, որ նրանք չեն կարող հիմնավորել, որովհետև Վ. Պետրոսյանի ձերբակալումից առաջ և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պետք է փախուստի դիմեր, այնինչ նա դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն և պառկել անկողնում»,-ասաց նա:
Այսօրվա դատական նիստը ավարտվել է այն պատճառաբանությամբ, որ այլ նիստ է պետք է լինի, թեև Ն. Բաղդասարյանը նշեց, որ դրանից հետո այլ նիստ չեղավ:
Փաստաբանը նաև նշեց, որ կարծում է՝ դատավորը կբավարարի դատախազի միջնորդությունը:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Ն. Բաղդասարյանը ստացել է Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ապացուցում է, որ Վ. Պետրոսյանի կալանքը անօրինական է:
«Այս որոշումը ՀՔԾ-ն ավելի վաղ է կայացրել, սակայն ես այն այսօր եմ ստացել: Դատախազը Վ. Պետրոսյանին կալանավորելու որոշում կայացրել է այն բանի հիման վրա, որ քննիչը այցելել է Երևանի և գյուղի նրա տները և նրան չի գտել այնտեղ: Պարզվել է, որ քննիչը դրանցից և ոչ մի տեղ չի այցելել, դա եղել է թյուրիմացություն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ն. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Վ. Պետրոսյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ «ՀՔԾ որոշմամբ ստացվում է, որ Վ. Պետրոսյանը կալանավորվել է թյուրիմացաբար»
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»
Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց բողոքը