15/01/2014 13:38
Լյուքս Ստեփանյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել դատարանում
Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուսք Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, այսօր դատարանում ինքնասպանության փորձ է կատարել` փորձելով դուրս թռչել պատուհանից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ի. Ստեփանյանը պատմեց, որ այդ քայլին դիմել է ուսահատությունից դրդված:
«Որևէ մեկը չէր եկել նիստին: Դատավորը ասաց, որ պաշտպանների մեքենան վթարի է ենթարկվել ու հետ են գնացել Երևան: Վլադիմիր Գասպարյանը, Սեյրան Օհանյանը ինձ խոստացել էին, որ արդարադատություն կլինի, իսկ իրենք առաջին իսկ նիստին չեն ներկայացել»,- ասաց նա:
Ի. Ստեփանյանի խոսքով` սա բուռն դժգոհության տեղիք է տվել դրսում և ներսում հավաքված իր հարազատների և բարեկամների շրջանում:
Հիշեցնենք, որ այսօր Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում:
Ըստ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում