15/01/2014 11:20
ՊՆ. Ծեծված զինծառայողի վիճակը դեպի բարելավում է գնում
Հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը դեպի բարելավման է գնում:
Այս մասին Aysor.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օրերս զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները հայտնել են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: