16/01/2014 11:55
«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը հավանության արժանացավ
Այսօր գործադիրը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրին:
Առաջարկությունը ներկայացրեց ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Բանախոսը հիշեցրեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր:
Գործադիրը լիազորեց ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին` ստորագրել բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:
Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը, որն էլ այսօր գործադիրը ի կատար ածեց միաձայն:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին: