16/01/2014 10:08
Ուսման վարձը թանկացավ, դասախոսների աշխատավարձը մնաց նույնը
Այս տարվա սեպտեմբերին ԵՊՀ և մի քանի այլ բուհերում ուսման վարձերի կտրուկ բարձրացում եղավ, որը համալսարանի ղեկավարությունը բացատրեց պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ վարձավճարների բարձրացումը նպատակ է ունեցել բարելավել դասախոսների աշխատանքային պայմանները, քանի որ իր ողջ կյանքը կրթության և գիտության հետ կապող դասախոսը նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն:
Ինչևէ, սեպտեմբեր ամսից, ճիշտ մեկ կիսամյակ է անցել, սակայն պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձն այդպես էլ էական փոփոխության չի ենթարկվել: Դասախոսներից ոմանք, ինչպես նաև որոշ ամբիոնի վարիչներ դժգոհում են, որ իրենց աշխատավարձը բարձրացնելու պատճառաբանությամբ բարձրացված ուսման վարձերից առաջացած գումարն այդպես էլ իր նպատակին չի ծառայել, և աշխատավարձային որևէ փոփոխություն չի կատարվել:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, սակայն «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա սեպտեմբերից պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այսինքն` բուհի հիմնական դասախոսների տարբերակված աշխատավարձը բարձրացվել է: Նրանք, պրոռեկտորի խոսքով, բացի իրենց հիմնական աշխատավարձից, ստանում են հավելավճար, որը նախկինում 10-20 և 30 հազար դրամ էր, իսկ ներկայումս` 10-30 և 50 հազար: