17/01/2014 14:15
Արմեն Աշոտյանը առաջարկում է վերանվանել Հայաստանի Հանրապետությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես ասված է.
«Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին:
Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն:
Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:
Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:
Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:
Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:
Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:
Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:
Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»: