20/01/2014 15:02
Այսօր հիվանդանոցում մահացած զինվորը մեկ շաբաթ առաջ էր բանակ զորակոչվել
Այսօր Էջմիածնի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի զինվոր Էդիկ Շահնազարյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր: Նա բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ հունվարի 13-ին: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
«Իմ իմանալով՝ առողջ երեխա էր: Ոչ մի հիվանդություն, բան չուներ: Բոլորիս մոտ շոկ ա հիմա: Իրանից մեծ երկու քույր ու եղբայր ունի Էդիկը»,- ասաց գյուղապետն՝ ավելացնելով.
«Մի շաբաթ առաջ էր բանակ զորակոչվել: Տնեցիներն էլ ուրախանում էին, թե լավ է՝ լավ զորամաս է ընկել: Հիմա էլ հայրը Երևան ա գալիս»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էջմիածնի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քր. օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Նախորդող հրապարակում՝ Հիվանդանոցում մահացած զինվորի դեպքի առիթով քրգործ է հարուցվել