22/01/2014 09:35
ՀԷՑ-ի 41 աշխատակիցների կրճատումը հետաձգվել է մինչև մարտ ամիս
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինից աշխատակիցները չեն դադարում դժգոհություններ հայտնել: Հիշեցնենք, որ վերջինս որոշում էր կայացրել լուծարել խոշոր սպառողների դեպարտամենտը՝ 41 աշխատակիցների թողնելով գործազուրկ:
Դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը «Ժամանակի» թղթակցին ասել է, որ գործընթացը մինչև մարտ ամսվա վերջ սառեցված է: Այդպիսի որոշում կայացրել է Եվգենի Բիբինը, սակայն ակնհայտ է, որ Մոսկվայի միջամտությամբ: «Երեկ ասացին, որ գործընթացը սառեցվել է մինչև մարտ ամսվա վերջ: Չգիտենք արդեն ինչ կլինի, բայց լավ բանի հույս ունենք»,- ասել է Ասկարյանը, ապա շարունակելով իր միտքը՝ հույս է հայտնել, որ մինչև մարտ Բիբինն այլևս չի լինի. «Աստված տա՝ Բիբինը մինչև մարտ ամիս չլինի, մենք նորմալ աշխատենք»:
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Բիբինը չի լինի, Ռ. Ասկարյանը պատասխանել է. «Չի մնա, կգնա: Ես այնքան համոզված չեմ, բայց պետք է թողնի-գնա, նա չի կարողանում աշխատել, կթողնի ու կգնա կտեսնենք»: