22/01/2014 11:00
Վարչապետ. Կենսաթոշակային բարեփոխումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար:
«Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակաղմվածությունը, և պատրասատակամություն հայտնել օժանադակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
«Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: