22/01/2014 14:22
Սնոուդենը հավակնում է դառնալ Գլազգոյի համալսարանի ռեկտոր
Շոտլանդիայի Գլազգո քաղաքի համալսարանի ուսանողների մի խումբ հաստատության ռեկտորի պաշտոնում առաջադրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է իր իսկ ցանկությամբ: Գլազգոյի համալսարանում ուսանողական ռեկտորն ընտրվում է 3 տարին մեկ, և ռեկտորն ուսանողների գլխավոր ներկայացուցիչն է բուհի ղեկավար մարմինների առջև, ինչպես նաև՝ ուսանողների իրավունքների պաշտպանը:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ Սնոուդենը համաձայնել է մասնակցել համալսարանի ռեկտորի ընտրություններին: Սա մեր շնորհակալությունը հայտնելու յուրօրինակ հնարավորություն է այս համարձակ գաղտնազերծողին: Շնորհակալությունն է նաև նրանց, ովքեր, ռիսկի դիմելով, բացահայտում են հետախուզական ծառայությունների, կառավարությունների, ոստիկանության, խորհրդարանների ու զինվորականների հանցագործությունները և կոռուպցիոն գործողությունները»,- ասված է ուսանողների հայտարարությունում:
Համալսարանում ռեկտորի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 17-ին կամ 18-ին: