23/01/2014 09:10
Հ1-ի գործադիր տնօրենը գնահատել է մահացած ուսանողի գրավոր աշխատանքը
Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև քննությանը:
«Ժողովուրդի» խմբագրություն այցելած ուսանողները պատմեցին, որ 2013 թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով: Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է: Մագիստրանտներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չէ: Նրանք դիմում են գրել ռեկտորին՝ ներկայացնելով Գրիգորյանի անպատասխանատու վերաբերմունքի մանրամասները:
«Ժողովուրդը» երեկ փորձել է զրուցել Մ. Գրիգորյանի հետ, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: «Միայն օրվա վերջում հետ զանգահարեց ու երբ ճշտեց, որ իրեն «Ժողովուրդ» օրաթերթից են անհանգստացնում, ասաց՝ «դիմեք լրատվականին» ու անջատեց: Թե ինչ լրատվական նկատի ուներ, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել»,- նշել է թերթը: