24/01/2014 10:15
Այգեպարում հակառակորդի կրակոցներից 16-ամյա աղջիկ է վիրավորվել
Երեկ ողջ օրվա ընթացքում, այդ թվում գիշերը` հակառակորդը կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Գյուղապետերի խոսքով՝ կրակը եղել է հենց գյուղերի ուղղությամբ, այդ թվում` բնակելի տների և ճաnապարհների: Կրակոցների հետևանքով Այգեպար գյուղում վիրավորվել է 16-ամյա աղջիկ: Տեղեկատվությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Դեպքը տեղի է ունեցել, երբ երեխան տանն էր, այսինքն` կրակոցը մտել է բնակելի տան մեջ: Լիաննայի վիրավորումը ոտքից է: Նա անմիջապես տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, վիրահտությունը լավ է անցել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը՝ նշելով, որ հենց այս պահին աղջկան տեսակցության է գնում:
Նշենք, որ Այգեպարի գյուղապետի խոսքով` գյուղում կրակոցները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 4-ը: Աշխատել են ինչպես դիպուկահարներ, այնպես էլ ԴՇԿ տեսակի զենքով:
Այս պահին հակառակորդը լռել է: