24/01/2014 09:47
Գազի գնի պատճառով` գործարանները վնասով են աշխատում
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումներից հետո ՀՀ-ում և Երևանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլև ցածր կալորիականությունից:
ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնի Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում մտահոգված նշել է, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել է վնասով աշխատել. «Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում: Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու: Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք: Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի»:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Արև-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը ևս դժգոհել է գազի որակից. «Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում: Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում»: